Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի տարում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն այս անգամ հավաքել էր գիտաժողով՝ նվիրված մարդուն, ում խոսքը հայրենի երկրի ձայնն էր, գիրը՝ գոյի կենդանի հյուսվածք։
«…Իսկ Հրանտն արդեն գրել է ձիու մասին, գոմեշի մասին ու թե ինչ է մտածում լուսնալույսի մեջ մեռած շունը, գայլի մասին ու մի քիչ էլ արջի մասին է գրել և հիմա տախի մասին է գրում... ՄԱՍԻՆ չէ` հենց իրենց գրելն է իր խնդիրը: Վրձնելը»: Դավիթ Մաթևոսյանն իր ողջույնի խոսքում հիշեց ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի խոսքը՝ նշելով՝ Հրանտով մեր ԵՍ-ը ԵՍ է դառնում, իսկ ՊԱՐԻՍՊԸ ԱՄՈՒՐ։
Համալսարանն այդ գիտակցումով էր ողողվել։ Մաթևոսյանական տիեզերքը քարտեզագրել էր և Հայաստանը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան։ Գրողի խոսքը միացրել էր տարբեր քաղաքների, տարբեր սերունդների մարդկանց։
Գիտաժողովի ավարտին համալսարանի ռեկտոր պարոն Գյուրջինյանն իր խոսքում նշեց՝ «Մյուս տարի էլ Մաթևոսյանի 91-ամյակն է։ Եվ ոչինչ չի փոխվում․ նրա գործը շարունակվելու է։ Մեր համալսարանի մթնոլորտը նրանով է լցված»։ Այս համալսարանն իր տանիքի տակ տիեզերքի մի մասնիկ է կապել և ուսանողները դրա մասնակիցն են։ Սա արդեն բանի շարունակություն է՝ ակադեմիական հիմքով ու նվիրյալությամբ։ Օտար լեզուների համալսարանն աշխարհին հարաբերվում է առաջինը իր Մեծի լեզվով։ Ամենաարժանի կերպով...
Երանի այն ուսանողին, ով ներշնչված պիտի բացահայտի այս տիեզերքը։ Մեր խոնարհումը, սիրելիներ, բոլորիդ, Հրանտի կենդանի խոսքի բանասացներիդ։
Լուսանկարները՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից։




















