1
Ձորի գործարանային կեղտոտ, նեղվածք քաղաքի իրենց հարուստ, մաքուր, շքեղ բնակարանում մեր ղեկավարի տգեղիկ, նիհարիկ, սիրելի աղջնակը մանկան հեքիաթ երազ էր տեսել, արթնացել, իր ամենազոր պստլիկ հորը պատմում էր: Բայց դա նաև հոր երազն էր, նաև հարյուր տարեկան տատի երազն էր:
- Ուրեմն՝ թիթեռ, պատմում էր աղջնակը, թիթեռ:
- Ալլա՞ թիթեռը թե գետափի, հուշում էր հայրը՝ որ նույնպես անկողնից դեռ չէր ելել: Աղջնակը սիրված էր և գիտեր՝ որ սիրված է:
- Իսկական թիթեռ՝ կարմիր, կանաչ, ասում էր աղջնակը:
- Ալլա թիթեռն ուրեմն գետափին կարմիր թիթեռի հետ թռչում է, լրացնում էր հայրը:
- Բայց դու չես լսում, ասում էր աղջնակը, չես լսում:
- Լսում եմ, ասում էր հայրը, պառավ խնձորենիներ...
- Ինչո՞ւ պառավ:
- Դե լավ, սիրուն ծառեր, հետո՞:
- Ուրեմն՝ լճակ, ձկնիկներ, ծաղիկներ, պատմում էր աղջնակը:
- Կամրջակ, նետում էր հայրը:
- Կամրջակ, լրացումն ընդունում էր աղջնակը. գետակի վրա՝ կամրջակ: Բայց դու չես սարքի, չես սարքի, չես սարքի:
- Է՜, Ալըչկա, երևակայություն չունես. ուզածդ ինչ է՝ որ ինչ սարքենք:
Մեր ղեկավարի հարյուրամյա մայրը զավակին կոֆե էր տալիս, աղջնակի երազի վրա շատ զարմացավ. «Երազը էս երեխան ի՞նքն է տեսել, թե իմ հին երազն է պատմում, ասաց պառավը, վայ-մեե, ես տեսա՝ իմ իշխան հայրիկը կատարեց, է»:
- Տեսնենք երեխան ինչ է պատմում. պատմիր, երեխայի նոր ու պառավի հին երազը մի իրական նպատակի էր ուղղում մեր ղեկավարը:
- Թիթեռ, առավոտյան փայլուն աչքերով, դեռ երազի մեջ՝ ասում էր աղջնակը, գետակ, ծառեր, ես ու Տուզիկը...
Պառավը հին հուշերի տրվեց.
- Իմ հայրիկը սարքել էր. գեղացիք թշնամութին չանեին վառեին՝ հիմի ջուրն էլ, ծառն էլ, վարդն ու սոխակն էլ մերն էին. գեղացիք մածուն ու մեղր կբերեին:
- Նրանց շունը մեր Տուզիկին կկծի, ասաց աղջնակը:
- Իրենք էլ են անտաշ, իրենց շներն էլ, ասաց պառավը:
Մեր ղեկավարն այնինչ լրջացել, սրվել ու բաց աչքերով տեսնում էր մեր երկրի ամենասիրուն այն անկյունը, ուր մեր պապի ջաղացն ու այգին էին եղել, հիմա ավերված ու լքված էին:
2
Բայց մենք նույնպես մարդ ենք ու մեր երազներն ունենք. կեսքուն-կեսարթուն պառկել նույն գետափն էինք տեսնում. որ իբր դեռ երիտասարդ ենք, մեր փողքերն ու շապկի թևքերը քշտել նժույգը գետակում լողացնում ենք, հովըտեցի հարսնուաղջիկ մոռուտներից դառնում, միմյանց արմնկելով մեզ են ցույց տալիս ու ամոթխածորեն ասում՝ «ախչի, նշանված է», «անարժանը տես ում զավթեց, է», և գաղտուկ ծիծաղում են:
Տրակտորի-ավտոմեքենաների աղմուկի վրա արթնացանք, սենյակից դուրս նետվեցինք, նայեցինք - հին կալերի զառիվերում Հովըտի-Ծմակուտի միացյալ տնտեսությունների ղեկավար կոչվածի փոքրիկ բեռնատար-մարդատարն էր գնում, ետևից՝ թափքը լիքը ժողովուրդ՝ բեռնատար մի մեքենա, դրա ետևից՝ մի բուլդոզեր-տրակտոր:
Չորուկ մեր տիկինը պատշգամբում թեյ էր գցում, ասաց.
- Անտառի գծով չի, կալերում երևի գործ ունեն:
Խեթեցինք, ներս նետվեցինք հագնվելու:
3
Անտառտնտեսության մեր ղեկավարի գետափնյա մենատունը կառուցելու կոչված այդ ջոկատը ելավ Ծմակուտ այս գյուղի լքված կալերը, գնաց կանգ առավ հին մեծ կովանոց-գոմի դռներին, մեքենաներից իջավ. միացյալ տնտեսությունների հովըտեցի ղեկավարն էր՝ ում մեզ թաքուն եղբայր են համարում, իր վարորդը, անասնապահական ֆերմայի վարիչ մեր քրոջ զավակը, Մուրադենց տղան՝ ում ժողովուրդը թաքուն համարում է մեզանից սերված, տնտեսությունների ղեկավարի երկու եղբայրը՝ սղոցի վարպետ, բանվոր ուրիշ տղերքի խումբ և կաշվե բաճկոններով բաճկոնավորված երեք անհասկանալի գոյություն՝ ում չգիտես հանցագործ համարես, թաքուն միլիցիա թե սպորտսմեն: Եկել էին հին, մեծ, պարապ գոմը քանդեն, փայտը տրամադրեն մենատան շինարարությանը: Անսիրտ, անհոգի, անտարբեր և դեռ գործնական՝ սանդուղք դրին բարձրացան ձեղունավոր տանիք, գոմը մտան զննեցին օճորքի մարդակներն ու կաղնե սյուները, հաշվեցին այդ մարդակներն ու սյուները («երկու հարյուր»), ձեղունից կղմինդրներ գցեցին, ծակից գլուխները հանեցին, «կկու» կանչեցին ու գովեցին շինանյութը՝ «Շենքը լրիվ ապահովված է», զարմացան այն թվով՝ որ հնում այս խեղճ գյուղի տավարի գլխաքանակն էր եղել՝ «Երկու հարյուր գլուխ զուտ կով է կապվել էստեղ», առաջարկ եղավ ձեղունի կղմինդրը ոչ թե հատիկ-հատիկ իջեցնել-դարսել («Ում է պետք, էնտեղ ներկած թիթեղ է, չէ՞, լինելու»), այլ ճոպանները գցել տրակտորով քաշել («Տասն օրվա գործը երկու օրում կարվի») և որ Ամերիկան հին շինություններն ուղղակի պայթեցնում է («Կինոյում եմ տեսել»: «Պողպատի մեջ է առնում ու տրաքացնում»): Մեր քրոջ զավակը տնտեսության ղեկավարից մի վայրկյան չէր կտրվում. գործերը վատ էին, պատրաստակամությամբ՝ ուզում էր դուր գալ և ինքը այստեղ, չնայած այստեղացի էր, ձայն, կամք ու իր կործանվող գյուղի վերաբերյալ ցավակցություն չուներ: Եվ այդ գործնական ու անհոգի ժողովրդի մոտ մեր նժույգը միակ խեղճը, հինը ու կենդանին էր. գոմից քիչ հեռու, անցան-լքված դաշտերում մեր նժույգը կանգնել նայում էր այդ իրարանցմանը: Գոմի դռանը հավաքվել, գործն սկսելու առիթով արդեն օղու շիշ էին բացում, մի քիչ կասկած միայն տնտեսության ղեկավարի մեջ կար, բայց դա այն կասկածը չէր՝ որ կարողանար նրան դեմ կանգնեցնել այդ գործին, նա ուղղակի մի քիչ տատամսում էր, բայց ձեռքը բաժակ տվեցին և այդ պահին նա նկատեց մեր նժույգը, ծիծաղեց ասաց.
- Մեր ախպեր Ռոստոմը:
Մեր քրոջ զավակին այդ անունը անտարբեր չթողեց - ասաց.
- Անունը որ քիչ տանք՝ մեր օգտին կլինի:
Կաշվե բաճկոնավորներից մեկը կքել մյուս երկուսին սիգարետներով՝ սիգարետները գերանակապ գլխատան օրինակով դասավորելով՝ բացատրում էր թե ինչպիսին պիտի լինի մենատունը: Դա հետաքրքիր էր, մյուսներին էլ հետաքրքրեց, հասկացողներ եղան, որ մենատան «զուտ գլխատունը երեսուն խորամետր զուտ կաղնի է տանելու»: «Սա կունենա» (կովանոցը): Մեր քրոջ զավակը դրան պատասխան ուներ. «Չի ունենա՝ հրեն կենդանի կանգնած»:
«Կենդանի կանգնածը» դարավոր անտառն էր:
4
Մենք խզզալով ու խեղդվելով դուրս եկանք կալերը, ձիու մասին՝ որ խլշվել մեզ էր նայում՝ ասացինք «դու ես», գնացինք դեպի գոմը: Գոմը երկու ծայրից էլ մուտք ուներ՝ տավարի մուտքը, ուր խմբվել էին ավերակիչները, և մյուսը. այս մուտքի վրա տախտակե կցաշենք էր դրած, դա կթվորների ու անասնապահների կացարանն էր. կողպած էր, նեղ ճեղքից երկու մատով մենք ներսից հանեցինք բանալին, կողպեքը բացեցինք, մտանք ներս. այդտեղ մարդիկ էին ապրել, ուրախացել, տխրել, հպարտացել - հիմա լքված էր. հին կյանքից մի երկու նշան դեռ մնացել էր՝ անկյունի կարմիր դրոշը և պատվո տախտակը՝ կթվորներով, կովերով-կթվորներով, կովերով, Դոնբաս ծանր ցուլով և նրա մոտ երեխայաչափ մեր խեղճ հորեղբորով՝ ձեռքին երեխայի մի ճիպոտ: Հուշերի դեմ մեր աչքերը փակեցինք, մոտեցանք անկյունի իր տեղից վերցրինք փաթաթված դրոշը: «Խի՞, ասացինք, է՞դ է որ», մոտեցանք ետ տվինք այն դռները՝ որ կցաշենքը միացնում էին անմիջաբար գոմին:
Լուսամուտների շարքը խուրձ առ խուրձ լույս էր տալիս բոլոր բաժանմունքներին. ուղիղ սյուներ, ուղիղ ախոռներ, տախտակած հատակ և խոր լռություն: Թախիծը մեզ ուտում էր. կանգ առանք, մեր ծանր կոպերը վար բերինք, այդպես մնացինք, հետո գնացինք դեպի ելքի դուռը՝ որտեղից ձայներ էին գալիս և մարդկային կերպարանքներ էին երևում:
Դռան շրջանակի վրա դրոշակի հին տեղն էր, դռների մեջ լույսի դեմ մի րոպե քարացանք մնացինք, հետո դրոշի կոթը խրեցինք իր հին տեղը, երկփեղկ դուռը մեր ետևից վրա քաշեցինք, պարզեցինք մեր ձեռքը և պահանջեցինք. «Կողպեքը տվեք»: Մեր ծանր կոպերը վար բերել սպասում էինք և նորից ասացինք.
- Վրան կողպեք կար, կողպեքը դեսը տվեք:
Նրանց սիգարետե գլխատունը տրորելով բաճկոնավորների արանքը ճղեցինք, մտանք կանգ առանք այն ժողովրդի մեջ, ում շատ թե քիչ տեղացի էինք համարում - մեր քրոջ զավակի, մեզ եղբայր համարվող դիրեկտորի, նրա եղբայրների, մյուսների: Մեկ առ մեկ բոլորին նայեցինք, ասացինք.
- Էս երկրին անծանոթ օտար ժողովուրդ եք, ձեզ ո՞վ է բերել էստեղ:
Տնտեսության մեզ եղբայր համարվող ղեկավարը իրեն իրավունք տվեց մեր ու ժողովրդի արանքում միջնորդ լինել, թևանցուկ անել փորձելով ասաց.
- Չուզեցանք քունդ խանգարել, գիտեինք, որ մեր որոշմանը պիտի քեզ տեղյակ պահենք:
Նրան թիկունք արինք ասացինք.
- Դու էս երկրի առաջին թշնամին ես, մյուս անգամ քեզ մեր երկրում չտեսնենք: Եվ կրկնեցինք. Էս թշնամի, էս օտար ժողովրդին ո՞վ է էս անծանոթ երկիրը բերել:
Մեր քրոջ զավակը զգում էր, որ իր վրա ենք պայթելու և իր մեջ պատասխանի էր պատրաստվում: Դո՞ւ, ասացինք, հետո ձեղուն հանող սանդուղքը մեր ուշադրությունը գրավեց. բաճկոնավորներին ճեղքելով և այս անգամ նրանց կռվարար հեգնանքին արժանանալով («Էս եզն ով է»), գնացինք սանդուղքը շպրտեցինք ձեղուն, այնտեղ կանգնած Մուրադենց տղային ասացինք. «Իջիր. ոնց բարձրացել ես՝ էնպես էլ իջիր», ետ եկանք, անցնելիս տվեցինք բաճկոնավորների խոսքի ու թշնամանքի պատասխանը («Եզը չենք, ցուլ ենք՝ բուղա, ձեր նախիրը լավ իմացեք») և քշեցինք մեր քրոջ զավակի վրա. մեր պարանոցը ծեծելով ասացինք՝ «Էս-էս-էս-էս ուսերին ես մեծացել. չգիտեինք, որ ուրիշի դռան շուն ենք մեծացնում»: Դա տնեցու զայրույթ էր, բայց նա մեզ հենց թշնամու տեղ էր դնում, և այդուհանդերձ մեր արարքը նույնպես մեծ տնեցու եղավ - ծոծրակը մի ձեռքով բռնած հրելով մի կողմ քշեցինք, ասացինք. «Աչքս էստեղ քեզ չտեսնի, քանդարար»: Ետ եկանք, անցնելիս դիտմամբ ու պատահաբար բախվեցինք շպրտեցինք տնտեսությունների ղեկավարին, ասացինք. «Ծմակուտի հրեղեն քուռակը անարժանիդ տակը մատնեց ու ֆերմա ստացավ. նորից ես, հա՞, քեզ առաջնորդ կարգել, էս խեղճ գերեզմանոցից հիմա՞ ինչ ես խոստացել»:
Գնացինք գոմի դռանը թիկունք տվինք ասացինք. «Մեռած ենք, բայց էնքան էլ մեռած չենք - ո՞վ եք»:
Տնտեսությունների ղեկավար կոչվածը ղեկավար մարդու ծանրումեծ շարժուձևով ուզեցավ բացատրել բանի հանգամանքը՝ «Ախր որոշում կա, օրենքով է, էս երկրում առանց համապատասխան իրավունքի...», բայց նա հենց հարբեցող ու հացկատակ էր, ամենից շատ հենց նա էր մեզ գրգռում:
- Ձե՛նդ, գոռացինք. գիտես որ քու տեսքը մեզ խելագար է դարձնում ու ամեն անգամ գալիս տնկվում ես:
Կաշվե բաճկոնավորներին դարձանք.
- Դուք ո՞վ եք, մատաղ:
Ձայն չունեին, մարդասպանի հանգիստ թշնամանք ունեին, միայն թե կողքից թեթևակի հրահանգ լիներ, ասացինք.
- Գյուղդ ենք մտել տո՞ւնդ վառել, մո՞րդ ենք թարս նայել, մատաղ, ինչի՞ եք էդպես թշնամու նման մտիկ անում:
Մեզանից սերվածը ձեղունից թռավ՝ մեր առջև կաթեց, հպարտ արժանապատվությամբ ելավ, մեզ չափեց ոտից գլուխ, մի կողմ կացավ:
- Էդ արդեն խոսք չունես, ասաց մեզ եղբայր համարվածը. քու երկրացի է ու Մուրադենց Էլյայի տղեն:
Մուրադենց Էլյայից մեր մեջ ծանր հուշեր կային, գոռացինք.
- Հեր չունի՞, հերն անուն չունի՞: Եկել եք մեր տխրության վրա ծիծաղե՞ք: Երկու հարյուր կով է կապվել էս գոմում, ամեն մայիսի երկու հարյուր հորթ է դուրս եկել էս դռնից, կյանք ու ուրախություն է եղել էստեղ, դուք հիմա ի՜նչ եք գիշակեր ագռավի նման...
Տնտեսությունների ղեկավար կոչվածը հույսն այստեղից կտրեց, «Ա, լավ, է,- ասաց,- երկու հարյուր», ձեռքը թափ տվեց, շուռ եկավ գնալու, բայց նրա բառերը մեզ կատաղեցրին:
- Եթե ճիշտն ես ուզում՝ երկու հարյուր քսան. երկու հարյուր քսանչո՛րս, ճշտեցինք, էս դրոշը պատահաբար չի հավիտյան էստեղ:
5
Հետո մերկ մեր նժույգը մենք կապել էինք հին գրասենյակի դռանը, ինքներս բարձրացել էինք պատշգամբ՝ ուր մեզ հասակակից գործակատարն էր, անկապ բառեր էինք մրթմրթում և, կարծում էինք հաղթել ենք, թշնամանքով ու արհամարհանքով նայում էինք մեքենաների շարանին՝ որ ձորակն անցել դիմաց տներին էր հասնում: Մեր առջև գրասենյակի դռանը զոհված տղերքի բրոնզե հաղթական հուշարձանն էր և հուշարձանի դեմ մենք էինք, և մեր կեցվածքների նմանությունը չվրիպեց գործակատարի հեգնող աչքից. ասաց.
- Ապարատը ձեռներին պտտվում էին, կարող է՞ պատկերդ թաքուն հանել՝ արձանը նկարիցդ են սարքել:
Համեստացանք, ասացինք.
- Չէ մի, հա... Քառասունութ տղա է զոհվել, ուր էր թե մեկից մի մաս ունենայինք: Նրանք սրբեր էին, եզրափակեցինք:
- Զոհվեցին սրբացան, ասաց:
Մեքենաները ճանապարհին կանգ առան, ժողովուրդն իջավ, խոսելով-խոսխսելով բարձրացավ Մուրադենց հին դռները: Տան շուրջը պտտվում էին, դուռը բացեցին ներս մտան: Մենք սրվել ու անհանգստանում էինք, գործակատարն ասաց.
- Ժողովրդի մեջ իրենցից մարդ կա՞:
Դիրեկտորական փոքրիկ բեռնատարը ետ՝ դեպի գյուղամեջ եկավ, բայց մենք մինչև նրա հասնելն ու բանի էությունը լսելը կռահեցինք նրանց մտադրությունը. ուժեղ սուլեցինք ու մեր զնգուն ձայնով կանչեցինք.
- Էդ ինչ բանի եք էդ ավերակում, էդ դժբախտ ավերակից էդ ինչ եք ուզում, է՜յ:
Իրենց մեջ խոսում էին, կարծես թե չէին էլ պատասխանելու, հետո դիրեկտոր կոչվածը իրենց մեջ ասաց. «Ասա՝ էս էլ է՞ քու հարցը, քեզ ինչ»: Կատաղած՝ «Արա, ո՜նց թե» ծղրտացինք: Դիրեկտորական մեքենան եկավ հասավ. արաղի էին ղրկել. վարորդը, գործակատարից առաջ խանութ մտնելով, տեղեկացրեց.
- Ուզում են քանդեն. բուխարու երկու լավ քար կա:
Դեպի դիմաց լանջը՝
- Մեզ տեսնում ե՞ս, գոռացինք. լավ ե՞ք տեսնում. էս մեր տեղն է. էդ տունը մեր տեսարանն է: Մեր տեսարանն է, ձեր տեսարանը չի: Մենք էստեղ պիտի կանգնենք՝ ու էդ տունը պիտի լինի - փասափուսեդ քաշի՛ր էս երկրից:
Դիրեկտոր կոչվածը պատասխանեց.
- Տերն էստեղ է, քեզ խոսք չի հասնում:
- Կգանք սև տեր կբերենք գլխիդ, ծղրտացինք, խանութում գործակատարն ու վարորդը ծիծաղեցին, իսկ մենք ասացինք դարձյալ դիմացի ժողովրդին. սև ծիծաղ կբերենք ձեր գլխին, տեսարանիցս դո՛ւրս եկեք, և թափ առանք գնալու...
Զետեղված է մասնակի։ Ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել (pdf)
© 1958 - 2021, Հրանտ Մաթևոսյան