Այդ գյուղում ոչ մի դուռ իր շրջանակին այդպես կիպ չէր հագած: Կաղնե թանձր դուռը կաղնե շրջանակին հայրը տասը-տասներկու տարի առաջ ինչպես հմտորեն հագցրել էր՝ դուռն այդպես էլ կար: Բայց դռան ու շրջանակի միասնական եզրով ցուրտը փշրկուն եղյամ էր դրել և պինդ, ողորկ, գորշ սառույց էր կապել զույգ ծխնու վրա. քիչ հետո, երբ տղան ու հայրը դուրս գալու համար դուռը բացեին՝ զույգ ծխնու սառույցները զզվելի ճռռոցով փշրվելու էին:
Արմիկ Մնացականյան անունով տղան դռան տակ կանգնած սպասում էր հորը: Վառարանը դեռ կրակ ու կերակուր չէր բուրում, վախլուկ բոցերը վառարանի դռնից երբեմն ցոլք էին նետում, իսկ լուսամուտների ապակիները սառցակալած էին: Պղտոր, ծոխանքի, շան լափի գույն աղջամուղջում, վառարանի թույլ ցոլքերի դեմ հայրը մի ոտքը ծնկել ու գզրոցից մեխ էր ջոկում, տնտղում, եթե շատ ծուռ չէին՝ գցում էր կաշվե բաճկոնի գրպանը: Մայրը իրենց անկողինը հավաքում էր և ամեն անգամ նկատում, որ հայրը գրպանը մեխ գցեց: Մոր կարծիքով ափսոս էին և՛ մեխերը, և՛ գրպանը, և մայրն ամեն անգամ ուզում էր դիտողություն անել, թե մերկ մեխերը գրպանը կքրքրեն, բայց չէր անում: Պատերազմից առաջ, երբ տղայի ձեռքը դեռ չէր հասնում պահարանի գզրոցին, հայրն այնտեղ շիտակ շատ մեխ էր ունեցել, բայց հիմա դժվար էր գտնում և կարծում էր չի ունեցել, և Արմիկ Մնացականյան անունով պատանին ամաչում էր հիշել, որ ինքը երբևէ երեխա է եղել և փչացրել հոր մեխերը: Հիմա այդ մեխերը փտած փայտերի մեջ, գետնում և ուրիշ անհարկի տեղերում էին. որտեղ որ փափուկ էր ու մեխը հեշտ էր գնում՝ տղան պահում ու մուրճով խփում էր:
Վառարանի վրայինը կերակուր չէր, ծոխանք ու լափ էր: Շուն չունեին, շանը գայլերը խլեցին, լափը խոզի լափն էր, դեռ չէր տաքացել ու դուրս չէին տարել, նրա թթվահոտը տան աղջամուղջի հետ խառը կար: Արմիկ Մնացականյան անունով պատանու ձեռից գայլերը նրա շանը խլեցին: Պապոնց էգի քոթոթներից այդ շանն ինքն էր ընտրել, մնացած ավելորդներին, պապի հետ, ինքն էր թաղել, իր բաժին կաթի կիսով ինքն էր մեծացրել, որպես պապը թոռանը՝ ինքը իրեն պատվիրել էր շանն այդ ձմեռ պաշտպանել գայլերից, եկող ձմեռ շունն արդեն ինքը կպաշտպանվի: Շունը դռնով դիպավ ու տագնապած կլանչեց, տղան անկողնից դուրս թռավ և գոմից դենն ու պառավ տանձենուց դեսը ձյուների մեջ շանը դեռ կենդանի տեսավ, նույնիսկ այնպիսի մի պահ եղավ, որ տղան ու շունը գայլերի մեջ միասին էին, բայց հետո արդեն ձյուների մեջ տղան մենակ էր, պառավ տանձենուց դենը ամայի սպիտակ լանջին կարծես թե երևաց սպիտակ շան բարձր ցատկը, գայլերի մեջ նրա սուր ծկլթոցը խեղդվեց, գայլերը հիմա խումբ չէին, հեռանում էին առանձին-առանձին, բայց շունը ետ չէր գալիս: Տղան զգույշ, եղածից զարմանալով ու սարսափելով, շանը կանչեց, բայց շունը չկար: Լուսնի տակ պսպղուն ձյուների մեջ կանգնած՝ տղան շանը նորից կանչեց, տղան նույնիսկ լսեց նրա փափուկ թափն ու հևքը, բայց դա պատրանք էր: Մեծ լուսնի տակ, մաքուր ձյուների մեջ տղան մի պուտ իսկ արյուն չգտավ, հենց օդում ցատկի մեջ պատառոտել ու լափել էին, և շփոթված տղան մի ամբողջ հավիտենություն, նրանց քստմնելի իրարանցումն ականջներում, կանգնած էր այնտեղ, ուր գայլերն ու շունն էին: Մի քիչ ուշ մայրն էր ելել և գոմի դռանը կանգնած էր: Տղան ետ-ետ նայելով եկավ, հետո մոր կողքին, գոմի դռանը կանգնած նայում էր սպիտակ, մաքուր լանջին: Նա չէր վախեցել՝ գայլերի մեջ եղել էր, պսպղուն սառնամանիքի մեջ նա հիմա մերկ ու բոբիկ էր, բայց մոր խոսքը գովեստ չէր. եթե տղան իրեն այդպես հիմարաբար չխփեր ոհմակ՝ շունն էլ չէր խփվի և կփրկվեր: Հետո արդեն, քնած երեխաների ու հանգած վառարանի տանը, մայրը տղային գովեց, բայց դա սուտ գովեստ էր, և մոր իսկական կարծիքը կշտամբանքն էր, որ մայրն այլևս չկրկնեց, բայց տղայի սրտին դա արդեն խարան էր:
Քույրն արթնացավ, անկողնում նստեց և, դեռ ոչինչ ու ոչ ոքի չտեսնելով, սկսեց պատմել, թե աղջնակի իր փոքրիկ երազում հայրիկը եկել էր, իրեն համբուրեց, բայց իր համար բան չէր բերել... և պատմելիս տեսավ հորն ու զարմացավ.
– Վա՜յ, դու երազում եկել էիր:
Հայրը վառարանի դեմ մեխ էր փնտրում, հոր մեջ ուրախություն չկար, բայց աղջնակի համար նա քնքշանքի նման մի բան գտավ:– Երազում եկել էի,– ասաց հայրը,– երազում իսկականից էի եկել:
Այդ աղքատ, ցուրտ, գորշ, լափի հոտով ներծծված տանը դա դժվար քնքշանք էր, բայց աղջնակի ուրախության համար լիուլի բավական եղավ. այտիկները շողալով, աչքերը փայլուն՝ անկողնում նստած նա լուռ ժպտում էր, հետո ասաց.
– Երազում քեզ քանի տեսնեմ՝ էնքան կգա՞ս:
Վառարանի դեմ ծնկած՝ հայրը հիացմունքից սառավ:– Քանի տեսնես,– ասաց հայրը,– էնքան կգամ:
Մայրը իրենց անկողինը ծալք էր արել, ծալքի վրա ծածկոց էր գցում, մայրն ասաց.
– Քանի տեսնես՝ էնքան կգա, բայց դու քիչ տես:
– Ես ամեն գիշեր կտեսնեմ,– ասաց աղջնակը,– անընդհատ կտեսնեմ՝ որ չգնաս, աչքերս էսպես կփակեմ ու կտեսնեմ:
Աղջնակը վերմակով ուսերը ծածկեց, աչքերը խփեց ու օրորվեց:
– Կտեսնես,– ասաց մայրը,– կբերես, կբռնեն ու կղրկեն ուրիշի գործի: Ուրիշի գործին վախճան չկա:
– Էդ էլ կպատահի,– ասաց հայրը:– Մեխ չեմ գտնում:
– Մոխրի մեջ էդտեղ կա,– ասաց մայրը,– բայց պետք կգա՞ն:
– Մեխը մոխրի մեջ ի՞նչ է անում:
Դռան տակ իր անկյունում տղան սեղմվեց: Ամոթից քրտնելով, տղան կուչ եկավ ոչ միայն այն պատճառով՝ որ մեխերը ի վերջո ինքն էր վառարան գցել (չափարի փտած փայտերը մայրը վառարան էր գցել և հին, դեռ երեխա ժամանակ խփած մեխերը բացահայտվել էին), տղան շատ ավելի կուչ եկավ, որպեսզի քույրիկն իրեն չտեսնի. Արմիկ Մնացականյան անունով տղայի հագին վառարանի ցոլքերի դեմ բրդե տնագործ այն դեյրան էր, որ մայրը հագել էր աղջիկ ժամանակ, և մի երկու տարի հետո քույրն էր հագնելու. աղջնակը գիտեր, որ վառ կարմիր այդ դեյրան իր շորն է լինելու և երբեմն իր վրա չափում էր, երբեմն մեջն էր մտնում: Կարիքի ամբողջ գիտակցությամբ հանդերձ՝ տղայի համար դա վիրավորական շոր էր, բայց, երբ մայրը, համարյա թե զոռով, տղային խցկում էր այդ շորի մեջ, չէր կարելի բարձրաձայն բողոքել, որովհետև երեխաները՝ ախպերիկն ու աղջնակը, կարթնանային, և հիմա նույնպես չէր կարելի իր տեղը դռան տակ մատնել, քանի որ աղջնակը կրակի ցոլքերի մեջ կտեսներ ապագայի իր կարմիր շորը և կվշտանար. բան չէր ասի, բայց վշտից կհիվանդանար:
Միակ բանը, որ տղան կարողացավ անել աղջկա այդ շորի դեմ, այն էր, որ պարանն ուսպանդ արեց, այսինքն՝ աջ ուսի վրայով ու ձախ թևի տակով փաթաթեց կրծքին և դռան տակ հորն սպասեց որպես բանակային շինելն ուսպանդ արած ռուս զինվոր:
Դռան նիգը հոր առջև տղան գիշերն ինքն էր իջեցրել, և ցուրտ դրսից հայրը ներս էր մտել հաճարենու թարմ թեփի բույրով, մի պահ կանգնել դռան մեջ սենյակի ընտանեկան ջերմության դեմ, ծանր, հոգնած ձեռքը շոյելու պես դրել տղայի գլխին, հետո, հոգնածությունից կարծես փլվում էր, համբուրել էր քնած երեխաներին, և աղջնակն ասել էր. «Ինձ համար ի՞նչ ես բերել»: Աղջնակի տեսածը երազ չէր, դա հենց այդպես էլ եղել էր, բայց թե գյուղի ղեկավարությունը երբ էր հասցրել հասկանալ, որ հայրը գյուղում է, այդ երբ էին հորը բանի դրել՝ դա նույնիսկ տղայի համար էր երազի նման: Ըստ երևույթին, պատահաբար տեսել էին գյուղամիջով գալիս և վռազ հիշել, որ ցուլերը սարում գոմի դուռը ջարդել են...
Ստեղծագործության ամբողջական տարբերակը (pdf) կարող եք ներբեռնել այստեղ...
© 1958 - 2021, Հրանտ Մաթևոսյան