I
Արևածաղիկները նայում են պայծա՜ռ, պայծառ: Լուռ կանգնել են ու միասին նայում են: Թաքուն մի բան, արգելված մի բան անելիս էին եղել, ծերունու ոտնաձայնի վրա շտկվել էին, նայում են ու լռում: Երեխաների խմբի պես: Եթե մեղուն լեզու ունի և կարողանում է իրենց բաների մասին իրար իմաց տալ ու հասկանալ, եթե կռունկը երամ է կապում ու իր կառավար թագուհուն գցում առջևը, եթե զամբիկն արածում ու արածելու հետ բարկանում է հեռացող քուռակի վրա և քուռակը հասկանում է՝ ուրեմն այս երկնքի տակ աստծու ամեն արարած ունի մարդկային իր լեզուն: Անտառն ինչպես է առաջ գնում. թփերն առջևն է գցում, թփերը գնում են, ինքը գնում է թփերի ետևից: Կապուտլեռ սարի մերկ լանջին գիհի մի թուփ է կպել ու վերև է կանչում ձորի անտառին: Է՜, կկանչի, կկանչի ու կչորանա, քանի որ մարդն ու անասունը շատացել են, անտառի դեմը փակում են:
Պատմվածքը կարծես ստացվում է, հավանական է՝ լավ պատմվածք է լինելու: Ինչ որ է, այս վերջին պարբերությունն ինձ դուր է գալիս: Եվ իրար արժեն իմ հոգնությունը, պատմվածքը, ծխախոտի թանկ տուփը՝ որ ես դատարկել եմ: Գիհի ծառն ուրեմն ձորի անտառին կանչում է վերև՝ իր մոտ, որ միասին առաջ գնան մինչև՜...
Ես գնացի լվացվելու, և լիաբուռ վարձատրություն էին սառը ջուրը, օճառը, կոշտ սրբիչը և, երբ լվացարանից դուրս եկա, պիրկ կրծքերով աղջիկը. նա հագել էր, առանց կրծկալի, նավաստու շերտավոր շապիկ և գալիս էր լվացվելու. կարճատեսի աչքերը կկոցելով՝ նա ինձ ճանաչեց ու թեթևակի ժպտաց ոչ այն է ինձ համար, ոչ այն է առողջ բարի լուսաբացի. մտերիմ ենք թե մտերիմ չենք՝ նույն միջանցքի սենյակներից մեկում նա ինձ համար, այնուամենայնիվ, կա, ես իր համար, այնուամենայնիվ, կամ:
Տաբատս կարված է ճիշտ իմ վրայով, և ոտքերս ուժեղ են: Կաշվե լայն գոտին պահանջում է ճարմանդն ագուցել վերջին անցքերում,- բայց պատմվածքը լավ է ստացվում: Մեկ շաբաթվա ընդմիջումը հետո ուժերս տեղը կբերի: Կոպտորեն գեղեցիկ սվիտերը տաք ու անկաշկանդ է: Մինչև ծննդաբերություն Հասմիկը կարողացավ, այնուամենայնիվ, գործել վերջացնել և նրա մատնախաղերը մի քիչ էլ կոշտացան: Տաքսու փող՝ կա, եթե այսօր թոշակը չտան՝ այսօրվա ու վաղվա ապրուստի փող կա:
Էլդար Գուրամիշվիլին սիբիրյան խինկալի էր եռացրել, խանութից բերել էր նաև երկու շիշ արաժան: Էլդարը հիմա չի գրում, բայց շուտով անպայման կսկսի աշխատել, և դա երևում է իմ նկատմամբ նրա խանդոտ հոգածությունից:
- Ծերուկդ ի՞նչ է անում:
- Այգում պտտվելով մտածում է, որ շները կռվում են՝ սամիթի մարգը տրորվում է:
- Էս գիշեր է՞դ է մտածել:
- Ո՛չ. միևնույն է ճորտեր է ծնելու, Թոմոյենց Ավետիքի սերունդն իզուր է ամուսնանում:
- Դառը բիձա է:
- Իր շահը գիտի: Ուրիշներին՝ հետո. նախ՝ իրեն:
- Ճորտատիրությունը հարյուր տարի է վերացվել է, նրանք էդ ո՞ւմ են կարողանում ճորտանալ:
- Որբևայրի կանանց, անհայր երեխաներին, ամբողջ գյուղի հոգսին:
- Հը՛մ,- նա ժպտաց:- Քո պապի անունն Ավետի՞ք է եղել:
- Համարյա թե:
- Կե՛ր, կե՛ր:
Կարագով ու կարմիր պղպեղով՝ խինկալին հեշտ էր ուտվում, դժվար չէր ուտվում: Մենք հացով, Հեմինգուեյի նման, սրբեցինք հալված կարագն ու կերանք, ափսեները մաքրվեցին, բացեցինք շշերի բերանը և երկու շնչով խմեցինք սառը արաժանը, և այդ յուղոտ սառնությունը անչափ հաճելի էր ամբողջ գիշեր ծխելուց հետո:
- 150 թե 151-ի աղջկա անունն ի՞նչ է:
- Ո՞րը, ղազա՞խը թե կարճատեսը:
- Կարճատեսը:
- Ղազախը գեղեցկուհի է,- ասաց նա:
- Որպեսզի մոնղոլական սիբիրախտը չչոքի ուղտի նման իր ծաղկած Կիլիկիայի դռանը՝ նկարիչ-բանաստեղծ-օրենսդիր-զորավար Սմբատ Գունդստաբլ սպարապետը ձիավոր իր շքախումբը դեսպանության վարգեց Դարբանդով-Հաշտարխանով-Ղազախստանով-Ջահանդամդարասիով Մե՜ծ Մանգու Խանի ոտքը՝ «իմ Կիլիկիան քեզ ապավեն դաշնակից»:
- Էդ ի՞նչ Կիլիկիա է:
- Էդ՝ Մեծ Մանգուն չգիտի ինչ Կիլիկիա է, դու գիտես. մի երեք-չորս հարյուր տարի էլ էնտեղ ենք դիմացել:
- Հետո՞, Մեծ Մանգուի դիմակը նայեց և ձեր Սմբատը չհասկացավ՝ նա իրեն նայում է թե չի նայում, այո՞, ցցին նստեցնելու նշան տվեց և ձեր բանաստեղծը չհասկացավ՝ ինքը նրան դուր է եկել թե դուր չի եկել, այո՞:
- Այո, բայց դուր էր եկել, և Մեծ Մանգուն նշան էր տվել հյուրի համար քուռակ մորթել, հյուրին աղջիկ նվիրել:
Վերելակն զբաղված էր, մենք կոճկվելով արագ իջանք, արագ նայեցինք նամակների սեղանը, Հասմիկի նամակը նա գտավ ու ինձ տվեց,- «Մեր շունիկն, աստվա՜ծ, լավ շունիկ է, լարվում կարմրում, գազից ազատվում ու ժը՜պտում է»,- և դուրս եկանք: Կրպակից մենք լրագրեր առանք և տաքսու սպասեցինք: Չոր ցուրտ էր, արաժանը մեր մեջ դեռ չէր տաքացել:
- Հարավային անապատում՝ մի բարձր պատվանդան, պատվանդանին՝ մի մեծ պոմիդոր, «փա՜ռք քեզ, պոմիդոր, քրիստոնյայի պայծառ հավատով դու քեզ դնում ես աշխարհի զոհասեղանին»:
Դա ինձ դուր եկավ. ես տեսա այդ կարմիր փայլուն լոլիկը:- Էդ ի՞նչ է,- հարցրի ես:
- Մեզանում պարապ բաներին հուշասյուն չեն կանգնեցնում, ուրեմն անելու եմ բարձր մի պատվանդան Չոմալի պետության համար, գնալու եմ Սահարա, խո՜յացնելու եմ կատաղած արևի մեջ իմ բարձր պատվանդանը՝ գլխին պոմիդոր, մի կարմիր պոմիդոր, սովյալ երկրով մեկ թող լույս տա:
Նա միշտ անլուրջ է, և ես սիրում եմ նրա անլրջությունը. նկարչի ու քանդակագործի իր շնորհքով նա կարող էր իրենց Քութայիսում տաշտշել օրական մի հարգևոր հանգուցյալի մահարձան և պինդ քարից իր համար միջնաբերդ կոփել Թիֆլիս քաղաքի կենտրոնում - ունեցած փողը գրպանի ռուբլիանոցն է, ունեցած հագուստը վրայի միակ տաբատն է: Ձախորդ նկարչի մասին նրա սցենարը այն է պիտի հռչակվեր՝ պարգևելով առայժմ վեց հազար ռուբլի՝ նա խեթեց իրեն ու բեմադրողին. «Մենք, իհարկե, պիտանի հաջողակ ենք և ձեռ ենք առնում անպիտան ձախողակներին»: Աչքը նրա դեմքին՝ նրա չբեր կինը մի աննշմար ծամածռության է սպասում, որ թողնի հեռանա իր դժբախտությունը գրկած, այդ տանը տեղ ազատի պտղավոր մեկի համար, ով այդ տունը կլցներ երեխաների փափուկ լացերով, անհամ ծիծաղներով ու թաց շալվարիկներով՝ կյանքո՛վ. Էլդարը հարբում թե խումհար մռայլությամբ որոշում է այլևս բերանը խմիչք չառնել՝ կինն այդ է մտածում, Էլդարը թաղվել է յոգի գրականության մեջ՝ կինն աչքի պոչով հետևում է, թե չգտա՞վ դեռ ամուսինը պտղավորման ու անպտղության մասին որևէ խոսք այդ գրքերում. կինը հիմա ընկերուհիների, գործատեղի աղջիկների, թատերասրահների կանանց բազմությունների մեջ փնտրում է գտնելու այն լավին, ում հետ ամուսինը ուրախ ու թեթև կլիներ, և չբեր դժբախտի իր հեռվից ինքը պայծառ արտասուքով կնայեր այդ կնոջը, ամուսնուն, երեխային:
- Էլդար, իմ տղայի ծննդյան խնջույքին ասացի ես, գուցե, այնուամենայնիվ, բաժանվես:
- Իհարկե, հեգնեց նա, մինչև հիմա էնքան մարդու ենք ուրախացրել, որ մի հոգու արդեն կարող ենք վշտացնել:
Տաքսի մեքենայի մեր հերթը հասավ, և այդ ժամանակ հանրակացարանից դուրս նետվեց բարձրահասակ Վիկտոր Մակարովը: Նա դուրս եկավ ճիշտ ժամանակին և ձեռքը բարձրացնելով մեզ խնդրեց սպասել ճիշտ այն պահին, երբ մեքենայի դուռը բացել էինք, բայց մենք կարող էինք նրա խնդիրքը նաև հասկացած չլինել: Նրա գեղեցիկ վիթխարի հասակը հանդիսավոր դանդաղություն է պահանջում, Վիկտորն այնինչ վազվզեցնում ու խոնարհում է հպարտ այդ հասակը, առայժմ որ՝ խոնարհում է:
- Մի քիչ չվազեցնե՞նք:
- Քշիր, ետևներիցս թող մի քիչ վազի:
- Ձեր ընկերն է, անհարմար չի՞,- կասկածեց վարորդը:
- Իր ետևից մենք շատ ենք վազելու, քշիր: Նա սիբիրցի է:
Բաց ափի մի հարվածով նրա պապը ժամանակին՝ մի չափալախով, միանգամից՝ գյուղապետին սպանել է, և հիմա նա սիբիրցի է: Մեռելն աստծու հաջողությամբ գյուղապետ է եղել, և դա ուրեմն կարելի է համարել հեղափոխություն և այդ մասին չլռել - տեղեկացնել հեգնանքի ու լրջության չափավոր միասնությամբ՝ մեծ իմաստ չդնելով պապի չափալախի մեջ, բայց և թույլ չտալով պապին համարել սոսկ մարդասպան: Հեղափոխությունը հեղափոխություն, բայց հարկավոր է փոխադրվել երկրի եվրոպական մաս, ճշգրիտը՝ Մոսկվա: Մի չափալախով դա չի լինի, միայն չափալախով՝ չի լինի, շղթայակիր քայլի նման ծանր աշխատանք է հարկավոր տարիներով ետ կծկելու այն ճանապարհը, որ պապն անցել է միանգամից մի երթով: Քաղաքի մոտերքում գերանակապ խրճիթ առնելու փող արդեն կա, որը կբավականացներ փայատիրական մի բնակարանի՝ քաղաքում, բայց այդ դեպքում ինչի համար է պետությունը և ում համար է կառուցում և ում գաղափարաբաններն ենք մենք:
Պիտի որ նա հասկանալիս լիներ, որ մենք իրեն վազեցնելու համար կանգնեցրինք մեքենան, բայց կանգ չառավ ու ձեռքը թափ չտվեց - ռուբլիանոցի մի բարալիկ շերտով չպետք է նվազեցնել կոոպերատիվի փողը: Լրագրերը նայելով Էլդարը հարցրեց.
- Վազո՞ւմ է:
- Վազում է: Սկսեց ժպտալ:
Նա եկավ, վիթխարի հասակը կռացրեց, լայն թիկունքը ժպտալով տեղավորեց մեքենայի նեղվածքում, և տրոլեյբուսին հասած պառավի նման դեռ ժպտում էր:
- Ուշ նկատեցինք, ազնիվ խոսք,- ասացի ես:
- Երեքով վճարելը հեշտ կլինի,- նրա փոխարեն ասաց Էլդարը:
- Գնացինք, շեֆ, քշիր Կինոյի տուն:
Վարորդը լրացուցիչ տեղեկության սպասեց:
- Կինոյի տուն, շեֆ,- ասացի ես,- Վաքսբերգ ֆիրմայի Կինոտուն:
- Դու չգիտես ինչ է Կինոյի տո՞ւնը, դու չես ճանաչում Վաքսբերգի՞ն: Ջո, նա չգիտի ինչ է Կինոյի տունը:
- Նա ոչինչ էլ չգիտի, Էլ:
- Նա մոսկվացի է և չգիտի ինչ է Կինոյի տունը, Ջո:
- Նա սխալ է մոսկվացի, Էլ, նրա փոխարեն մոսկվացի էր լինելու Մայկը:
- Կատակում են,- բացատրեց Մակարովը:- Պրեսնյայի կողմից Վառովսկու սկիզբը:
- Կոնյա՞կ թե վիսկի, Էլ:
- Կոնյակդ վերցրե՞լ ես:
- Միշտ է հետս, Էլ, կոնյա՞կ թե վիսկի:
- Վոդկա,- լրագրի վրայից ասաց նա:
Մորեխ հասկացությունը նշում է ոչ թե կենսաբանական կարգ, այլ ապրելակերպ, վիճակ: Այդ անվանումը դարեր առաջ տրվել է ահեղ այն պարսերին, որոնք նախրային միասնությունն են շատ թե քիչ միմյանց ազգակից տարբեր մորեխատեսակների և որոնք ժամանակ առ ժամանակ տեղաշարժվում են դեպի հեռավոր երկրներ: Նախրային բառի գոյությունն այստեղ չափազանցության տպավորություն է տալիս, բայց եթե նկատի ունենանք մի պարսի թեկուզ միայն կշիռը (երկրագնդի բնակչության մեկ քառորդի կշիռ) և ախորժակը (մորեխի մի տոննան խժռում է կանաչի տասը տոննա զանգված, ծխախոտի քսան հազար թուփը Հարավային Ամերիկայում մորեխի պարսը խժռել է ընդամենը քսան վայրկյանում, 1962-ին Մարոկկոյում մորեխը հինգ օրում ոչնչացրեց յոթ հազար տոննա նարինջ. դա Ֆրանսիայի չափ մի երկրի տարեկան սպառումն է), այս անտակ ախորժակի ու կշռի հաշվառումով՝ մորեխի համար ճիշտ անվանում է դառնում ոչ թե պարսը, այլ միայն նախիրը:
1915 թ. քսանյոթամյա գիտնական Բ. Պ. Ուվարովը Հյուսիսային Կովկասում հետազոտեց ու տվեց մորեխի նախրացման, նախրագոյացման խնդրի հանճարեղ բացատրությունը, ինչը որ հաստատվեց նաև Արևադարձում արված հետագա ուսումնասիրություններով: Պարզվեց, որ մորեխն ապրում է երկու՝ մենակեցային և նախրային, կենսաձևերի մեջ և այդ կենսաձևերը արտաքինով, ներքին կառուցվածքով ու բազմացման կերպերով բոլորովին նման չեն միմյանց: Մենակեցային վիճակի մորեխը, եթե միջավայրն այսպես ասած նախրային հոսանուտ, քոչի նախրային կախարդանք չունի, հակված չէ մերձենալու իր նմանին, խմբի անդամ, խմբի մաս, խումբ դառնալու և այդ դեպքում նա պահպանում է, անհատական երանգների փոքր տարբերություններով, իր ցեղի գունաձևային, ներքին կառուցվածքի ու բազմացման եղանակի բոլոր հատկությունները: Նախրային վիճակի մորեխն արդեն ընդհակառակը. սրանք խիտ խմբերով հավաքվում, բեղիկներով, ոտքերով ու մարմնով անընդհատ քսվում են միմյանց, և այդ շփումները նրանց բոլորին դնում է բարձր այսպես կոչված շարժիչայնության մեջ, գրգռում քոչի բնազդը: Ձեր աչքի առջև մենակեցային վիճակի մորեխը վերաճում է նախրայինի - գույնի ցեղային, տեղային և անհատական երանգները վերանում են, մորեխը մգանում, նարնջասև գույն է առնում, ծոծրակի մոտ մեջքը կորվում է, թևերը երկարում են, մուգ գույնի շնորհիվ ջերմությունը հինգ-ութ աստիճանով բարձրանում է, և այդ ժամանակ նախիրը պատրաստ է պոկվելու: Մորեխը երկինք է բարձրանում քամու հակառակ ուղղությամբ և երբ արդեն վեց հարյուր - հազար մետր բարձրության է՝ գլուխը շրջում ու իրեն տալիս է քամուն: Մի անգամ կեսօրվա մոտերքը, պատմել է Վ. Վիլյամսը՝ տանգանիկյան Ամանիի գյուղական փորձադաշտերի այն ժամանակվա միջատաբանը, հեռախոսով մեզ զգուշացրին, թե մոտենում է «արաբացվոց աղետը»: «Հիմա կերևա, թե ինչի համար են միջատաբանները», Վիլյամսին է դիմել փորձադաշտերի սարսափած վարիչը: Նա դեռ չէր պատկերացնում, որ եթե Ամանիում միջատաբանների նույնիսկ համաշխարհային բանակը լիներ՝ դարձյալ ոչ մի տերև չէր փրկվի մեծ անապատի այդ փթթուն այգուց: Ժամ չքաշած արևելքը մթնեց: Ծավալվելով ու ծանրանալով՝ ահեղ ամպը բռնեց երկինքը: Արևը խավարեց: Առաջին մորեխները կարկուտի պես խփվեցին այգու տերևներին, կարկտահարեցին թիթեղյա կտուրները: Պղտոր հողմը պտտվում էր գյուղի վրա, թևերի խշշոցից մարդիկ խլացել էին: Ճայթյունով ջարդվեցին առաջին ճյուղերը: Գետինը խլթփլթում էր, բայց արևելքը դեռ սև էր - նախրի վերջը դեռ չէր երևում: Դրանից հետո ինը ժամ սև մորեխը ամբողջ երկնքով մեկ պիտի խշշալով հոսեր ու թափվեր Ամանիի վրա: Հաջորդ օրը, ծաղկած երկրից մեռյալ անապատ թողնելով, նախիրը հեռացավ...
Զետեղված է մասնակի։ Կարող եք ներբեռնել ամբողջական տարբերակը (pdf)
© 1958 - 2021, Հրանտ Մաթևոսյան