*Դիմաց սարալանջին գյուղացի մեկը մի լուծ եզնով վար էր անում։ Եզները դանդաղ ծրում էին փոքրիկ, քարքարուտ հողակտորը։ Գյուղացին լսում էր. «Սևանի՜ն, Սևանին... Սևան արի՜... Հա կոտրի քու ուսը՝ թե դու Սևան ես»։ «Փախչում Է ակը, տակին քա՛ր դիր, քա՛ր դրու տակին»։ «Սևան, Սևա՜ն... քաշի՛ր, Սևան»։ «Պահե, պահե... պահե, այտա, ձորն Է գցում»։ Բայց գյուղացին իր արորին Էր. այդ կանչերը, հուսահատ այդ ճիգերը, ճիպոտի ու տնքոցի այդ ձայները նրան չէին վերաբերում։ Նրանը քարքարուտ հողի ղռռոցը, իր մաճն ու իր եզների դանդաղ քելքն էին։ Եվ նույնիսկ թշնամանք թե անբարյացակամություն կար նայող ու չտեսնող նրա հպանցիկ հայացքում՝ երբ հեռվում ծղրտացին՝ «տակին քա՛ր դիր»։ —. Հա՜րի արի,– ցածրաձայն ասաց գյուղացին իր եզներին և շտկեց արորը։ Մի անգամ էլ հպանցիկ կողքի խեթելով, գյուղացին տեսավ հեղեղատի մյուս լանջի զառիվերում եզնասայլը՝ որին ջաղացքար էր դրած, մեկին՝ որ քար էր դնում անիվի ետևը, և մի ձիավորի՝ որ կարծես այս կողմ գյուղացուն էր նայում։— Քշե՜,— ցածրաձայն ասաց գյուղացին և այդ ժամանակ լսեց.
— Որ էդպես քոռացել չես տեսնում՝ հայ քրիստոնյա չե՞ս։
Գյուղացին կանգ առավ, նայեց, ասաց և մատով ցույց տվեց ինքը իրեն.
— էդ՝ մե՞նք։
— Չէ, մենք,— ասաց Հեծյալը.— նասրանի՞ ես, թե քուրդ՝ որ հայերեն չես հասկանում։ Դե եզներդ բեր, արի օգնի։
— Արի տար,– ասաց գյուղացին և քերիչը դուրս քաշեց արորի միջից։
— էդ որ քերիչ ես հանում,— ձին խթանեց ու մտրակեց Ձիավորը,– իմ ի՞նչն ես քերելու, հը։
— Գործ չունես շան հետ,– ասաց Սայլվորը, որ անիվի ետևը քար էր դրել, հիմա ելնում էր սայլի տակից։
Ձիավորն իջավ հեղեղատ, անցավ քարքարուտ հեղեղատը, քշած անցավ ցելը, իսկ գյուղացին սպասում էր քերիչը ձեռքերի մեջ։ Ձիավորը հասավ ու մտրակեց գյուղացուն, պտտվեց նրա շուրջն ու դարձյալ մտրակեց։
— Որ առանց ասելու չես հասկանում, ասելո՛վ հասկացիր,– դարձյալ մտրակեց Ձիավորը։– Դե հիմի առաջ ընկիր ու իրենց հետ դու էլ լծվիր,— ասաց Ձիավորը։
Գյուղացին գնաց մտավ իր եզների արանքը, կարծես թե եզներն արձակում էր արորից, բայց կռացավ անցավ լծի տակից ու փախավ իր ցելի միջով։
— Շա՜ն որդի։– Ձիավորն իջավ ձիուց, լծած եզներն անջատեց արորից և մտրակեց ցելն ի վար դեպի հեղեղատ։— Շո՜ւն շան որդի,– և ինքը գնաց դեպի ձին, իսկ եզները ցելն ի վար վազում էին ծանրորեն թափահարվելով։
Հետո այդ Ձիավորը նստել էր սայլի գլխին և ծեծում ու խրախուսում էր բոլոր չորս եզանը, իսկ Սայլվորը՝ ճաղերին կպած՝ ուսն անիվի տակն էր տվել և լարվում ու պայթում էր։
Սայլը նրանք հանեցին զառիվերի գլուխ, և Սայլվորը երկար չէր կարողանում խոսել, իսկ Ձիավորն իջավ եզների ուսից և ասաց՝ արձակելով գյուղացուց խլած եզները.
— Օհան ամին բարով վրան քաշի... Ասա՝ մի երկու տարվա կյանք է մնացել, հինը քաղել տուր ու յոլա տար, էլի, տնաշեն։
Արձակած եզները, որ նրան հիմա մի պահ դուր եկան, Ձիավորը ետ տվեց զառիթափն ի վար դեպի հեղեղատ և ասաց չերևացող գյուղացուն.
— Արի տար։— Եվ ավելացրեց.— թե՞ գնացիր թվանքով գալու։
Մի պահ կնճռոտվելով խարկված սարալանջի փոքրիկ ցելի դեմ՝ Ձիավորը ետ դարձավ իր ձիուն, որի սանձն անցըրած էր սայլի ճաղին, և այդ ժամանակ Սայլվորն ասաց.
— Օհան ամին էս էլ կմաշի, Գանձասարա որձաքար բերել կտա՝ որձաքարն էլ կմաշի ու կշարի ջաղացի դռանը ու դեռ ինձ ու քեզ էլ կմաշի։— Սայլվորը սայլ բարձրացավ, նստեց սայլի գլխին, և այդ ժամանակ ձիու վրայից Ձիավորն ասաց՝ մտրակի կոթով ետ՝ դեպի քարքարուտ սարալանջը ցույց տալով.
— Հրեն, հրեն, հրեն... Թող գա անպտուղ հողերում եզների հետ արոր քաշի ու ինքը իրեն մաշի։ Ջրի հաշվին ում ասես ինքըս էլ կմաշեմ։— Եվ ավելացրեց անհարմարության զգացումից ծիծաղելով.— էն խեղճի աչքը տվի փուլ ածի։
— Տակ չի մնա, մի վախեցիր,— ասաց Սայլվորը,— ձիուց մի օր վեր կբերի։
— Ո՜ւր էր թե,– ասաց Ձիավորը։— Տղի ժամանակներ են, ո՜ւր է տղա։ Վիզները ծո՜ւռ՝ ոչխարի ցեղ։ Հույսը Սասնա Դավթի վրա է դրել կամ թե չէ ռըսի Նիկոլայ թագավորի։ Առ-ը հա՛։ Սևա՜ն արի, քու քաշելիքն է, դու ես քաշելու, ի՜նչ ես տակուգլուխ անում։ Ինքն արյունից վախենում ու հույս է դնում՝ թե գազանը բարի է։ Թե աստված կա։ Թե ռըսի թագավոր կա։ էնքան որ՝ իրենից հեռո՜ւ, հեռու լինի, ի՛նքը չլինի իր փրկիչը։ Երեխայի պես, «այլուծը բալի է, չէ՞»։ Եթե էդքան վախկոտ ես՝ իհարկե աստված կա, իհա՛րկե ռըսի թագավոր կա, իհա՛րկե գազանն արյուն չի սիրում ու արյուն չի անի։
Սայլվորն այնքան էլ համաձայն չէր Ձիավորի հետ և իր սայլի գլխից ծիծաղելով առարկեց.
- Ուժեղն ուժեղ է՜։
- Անտղամարդ կռացածության վրա ուժեղն իհա՛րկե ուժեղ է,– ասաց Ձիավորը։
- Ուժն ուժեղինն է՜,– սայլի գլխից ասաց Սայլվորը։
- Ուժն ուժեղինն է, դու էլ ուժեղինն ես, ուժեղի բռան մեջ ես, ուրեմն տղամարդ եղիր ու էնպես կծիր բուռը՝ որ ձեռին նայելիս ամեն անգամ հիշի ըռխիդ չափը...
* Ավ. ԻսաՀակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի թեմաներով։
Զետեղված է մասնակի։ Ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել (pdf)
© 1958 - 2021, Հրանտ Մաթևոսյան