Աշնան երեկոյի մեջ ինքը ջրից գալիս էր։ Դույլերը ծանր էին, ինքը դեռ աղջնակ էր, հազիվ աղջիկ էր. դույլերը բերում֊բերում ու ցած էր դնում։ Տատը գլխին շալ էր փաթաթել, թևերի տակով տարել ու մեջքի վրա կապել էր, ինքը գյուղական տիկնիկի նման էր։ Բարակ զգեստը չէր տաքացնում, սառն էր, դույլերը ծանր էին, բայց իր մեջ թաքուն մի ուրախություն կար, և այդ ուրախության պատճառը Արզումանյանների տղան էր, որ հեծանվով պտտվում էր իր շուրջը, քշած առաջ էր ընկնում, գնում հեռանում էր, գալիս պտտվում էր իր շուրջը, ետ էր ընկնում և դարձյալ գալիս պտտվում։ Երեկոն մի տեսակ խուլ էր, ուրիշ ձայներ չկային, միայն հեծանվի թույլ խշշոցն էր ու հեծանվի աղոտ լույսը։ Դեռ չէր մթնել, հեծանվի լապտերը լուսավորում էր միայն ինքը իրեն, բայց Արզումանովների տղան ուզում էր աղջնակին դուր գալ և լապտերը վառել էր, և աղջնակին դուր էր գալիս, աղջնակի մեջ կանացիական ինչ-որ ուրախություն կար։ ճանապարհի երկու կողմում այգիների ցանկապատերն էին, ճանապարհը դատարկ էր, միայն իրենք էին, ապա հեռու կեռմանում ճանապարհ ելավ ու օրորվելով եկավ իր խմած եղբայրը։ Այդ ժամանակ իրենք հասել էին իրենց բակի դռնակին, և Արզումանովների տղան պտույտից դուրս նետվեց ու սլացավ դեպի ճանապարհի հեռուները, իսկ ինքը մտավ բակ։
Ինքը բակ մտավ — սագը գրկած փոքր եղբայրը մեծ եղբոր ետևից էր ընկել, և մեծ եղբայրը սարսափած փախչում ու պտտվում էր ծառերի արանքում, ուզում էր մոր մոտ վազել, բայց մոր մոտ օտար մարդիկ կային, ամոթ էր։ Նրանց մայրը և իր մերացուն բակում կանգնած էր ձեռները կրծքին խաչած՝ իր հորաքրոջ բացճակատ պայծառ Ներսեսի և անծանոթ մի մեծագլխի դեմ, որը ճիպոտի ծայրով խաղում էր կոշիկի քթի հետ, սև էր, ամաչկոտ ու տգեղ։ Իր հորաքրոջ տղային ինքը սիրում էր, դույլերն ինքը ցած դրեց ու գնաց ձեռքով բարևեց, հետո ձեռք էր մեկնում սևագլուխ տգեղին և այդ ժամանակ հասկացավ, որ Ներսեսը նրան ուրիշ նպատակով է բերել։ Ինքը պաղեց մնաց ու ատեց Ներսեսին, և այդ ժամանակ բակի դուռը ետ խփվեց ու բակ մտավ իր Ոսկան խմած եղբայրը, և ինքը նրա մոտով բակից դուրս նետվեց, վազեց տատի տուն։ Հեծանիվը քշած՝ իրեն ետուառաջ էր անում Արզումանյանների տղան, բայց ինքը նրան տեսնում ու չէր հասկանում։
Ինքը տատի գոգն ընկավ, իրեն թաքցրեց տատի գոգում, և իր միակ թաքստոցը տատի գոգն էր։ Ինքը հիշում է՝ որ ինքն ասում էր. «Մեծագլո՜ւխ, սև՛, գե՛շ»։ Ինքը թաղվել էր տատի գոգում, ինքն ուզում էր չքանալ տատի փեշերի մեջ, ինքն ահա–ահա կորչում էր տատի գոգում։
— Գե՛շ... սև՛... մեծագլո՛ւխ... խե՛ղճ...
Հետո, տատը երգ էր լացում ու իր մազը սանրում էր, և այդպես առանց շալի ու մի շորով՝ ինքը բարակ աղջիկ էր, մի տարվա շիվի պես, և տատի երգը անտառում լքված որբի մասին էր. «Պախրեն կգա ծիծ կտա՜»։ «Պախրեն կգա ծիծ կտա՜ա»։ «Պախրեն կգա ծիծ կտա՜աա»։
— Քամին կգա օրոր կանի... նանի, որբուկ ջան, նանի... Պախրեն կգա ծիծ կտա։
«Պախրեն կգա ծիծ կտա», երգում էր տատը և իր մազը սանրում, իսկ բաց դռան մեջ կանգնել էր Արզումանյանների տղան և նայում ու աչքերը թարթում էր։
Մերացուն ափսոսում էր ժակետն իրեն տալ. գլուխը պահարան էր կոխել, Իշխանի հարուստ տանը մի ժակետ էր ջոկել, թաքուն շուռումուռ էր տալիս ժակետը, հետո արդեն բացեիբաց էր համեմատում ժակետը աղջկա հետ և ժակետն ափսոսում էր։ Ոսկան հարբած եղբայրը այգու ծառը բռնած անշարժ Էր, որովհետև եթե շարժվեր՝ կընկներ։ Իշխան հայրը թախտին աչքը մի րոպե կպցրել Էր, որպեսզի քիչ հետո վրա ընկներ մի որևէ գործի, և փոքր եղբայրը կարողացավ հոր գրպանից մի բան թռցնել, դա երևի փող էր, որի կեսն իր համար ծոցում թե որտեղ թաքցրեց, իսկ կեսը բռան մեջ պահած՝ մորից թաքուն ուզում էր քրոջը տալ — տան մեջ կատվի պես դեսուդեն էր սահում, կարողացավ իբր մորից թաքան կողքով անցնելու պես քսվել քրոջը, բայց նրա մերը և իր մերացուն տեսել էր, եկավ խլելու նրա ձեռքից, բայց նա սեղանի տակով դուրս պրծավ տնից։ Մի բան Էլ երևի նրանց միջի խեղճն ու խղճավորն Էր ուզում քրոջը տալ՝ վախլուկ եղբայրը, որ վիզը ծռած մի կողմ էր քաշվել և մորից վախենում Էր։ Իշխան հայրը օձի կծածի պես վեր թռավ որևէ գործ գտնելու և անցնելու հետ ժակետի մասին կնոջը բան ասավ. «Տուր, տուր, տուր, տուր, այտա, ափսոս չի, տուր». և տնից ելնելու հետ իր կողքով անցնելիս բան ասավ մեծագլուխ տգեղ տղայի մասին, որ դրսի թախտին նստած ճիպոտի ծայրով խաղում էր կոշիկի քթի հետ, «Տղեն լավ տղա է... խելոք, աշխատող... խմող չի»։
— Այտա՜։
— Տուր, տուր, տուր, ափսոս չի, տուր, այտա։
Մերացուն ժակետը բերեց չափեց իր վրա, ասաց. «Ափսոս չի, հագիր, ցուրտ է»։
— Հեքի, ցյուրտ ա, էփսոս չի։
Բակից թե այգուց եկավ Իշխան հոր ձայնը. «Ուշանում եք, այտա, գնացքի ժամն անց է կենում», բայց ինքն ու մեծագլուխ տգեղը՝ Սիմոնը, մանավանդ ինքը, պատշգամբում անշարժ կանգնած էին, և իր մեջ արդեն֊արդեն համարձակություն էր հավաքվում, իր վրա արդեն֊արդեն լեզու էր գալիս ասելու, որ այդ հարուստ տնից այդպես տկլոր ինքը չի գնա, որ այդ գորգը, այդ գորգերը... այդ բարձերը, այդ տաք անկողինները... այդ մաքրությունը... բակում ծանրումեծ նստած այդ կովերը... և մանավանդ այդ գորգերն ու նրանց մեջ մանավանդ մեկը... Եվ այդ ժամանակ այգու ծառից պոկվեց ու հարբած թափով եկավ Ոսկան եղբայրը.– Տասնհինգ տարեկան է, էդ ում քվերն ես մարդի տալիս, դարպասեցի,– բայց պատշգամբի աստիճաններին ընկավ ու այդպես էլ քնեց։
Ինքը նայեց Սիմոնին, և Սիմոնը կանգնեց։ Ինքը նայեց, և Սիմոնը շտկվեց։ Շտկվեց ու այդ ցուրտ իրիկվա մեջ այդ դառը աշխարհում կուլ տվեց թուքը, և իրենք քայլ դրին իջնելու Իշխանի պատշգամբից՝ որպեսզի այլևս, ոչ մի անգամ ետ չնայեն դեպի այդ հարուստ, մաքուր ու կծծի տունը, ուր ամեն ինչ կար, բացի սրտի թեթևությունից։
Ներսեսը հետնե՞րն էր, հետնե՞րը չէր. գոմի դռանը Իշխանին կարծես օգնում էր կամ կանգնած էր գործ անող Իշխանի մոտ, բայց հետո մեկ էլ երևաց կայարանում՝ կաշվե սև բաճկոնը հագին, քաղաքային իր ընկերների հետ, և նա շատ վստահ էր, և Սիմոնը նրա մոտ շատ էր խեղճ, և ինքը Սիմոնից մի րոպե զզվեց ու ետ քաշվեց, բայց մյուս րոպեին ատեց Ներսեսին և Սիմոնին խղճաց։
Կայարան իջնելիս գերեզմանոցի տակ ինքը կանգ առավ, նայեց Սիմոնին, նայեց դեպի գերեզմանոց և ծնկեց ու կռացավ։
— Ոչ, լացը մեզ համար չի։
Ինքը նայեց դեպի գերեզմանոց, նայեց Սիմոնին, և հիմա ինքը հիշում է, որ ինքն ասաց. «Իմ լույս մերը...»։ Եվ Սիմոնը գլուխը շրջեց ու թուքը կուլ տվեց, և ինքը հիշում է, որ ինքն ասաց. «Կապրենք»։ Բայց այդ մարդու մեջ ապրելու և հաղթելու կամք չկար, և ինքը խփվեց գետնին, ծեծեց գետինը ու հեծկլտաց. «Իմ լույս մոր գոտին թշնամու տանը մնաց... Իմ մոր արծաթե գոտին թշնամու տանը մնաց... Իմ մոր գորգը... Իմ լույս մոր կարմիր պախրա գորգը... Իմ մոր ոսկի սիրամարգ կարպետը... Իմ մոր շարմաղ ձեռի ապարանջանը»։ Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր և ցուրտ էր...
Զետեղված է մասնակի։ Ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել (pdf)
© 1958 - 2021, Հրանտ Մաթևոսյան